ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ֆուտբոլն ասպետական զգացողությունների բան է

Ֆուտբոլն ասպետական զգացողությունների բան է
20.11.2012 | 11:55

Ժողովուրդ ջան, չասեմ էլ` գիտեք. երեքշաբթի-չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումներն են: Լիքը գեղեցիկ խաղեր են սպասվում: Մրցակցային առումով առանցքային ու` ոչ: Սակայն սրա մեջ զիլն էն է, որ անկախ դրանց բովանդակային նշանակությունից, նստելու ու նայելու ենք: Ոչ թե նրա համար, որ ճար չունենք (սա առանձին խնդիր է) կամ թե համատեղությամբ պարապ գործերի կառավարիչ ենք աշխատում: Բնավ ոչ: Մենք, ասել է թե` աշխարհի անդավաճան ֆուտբոլասերներս, մեր հոգու խորքում սառը փիլիսոփա լինելու կողքին շարունակում ենք մնալ ազատ գեղագետ, իսկ գեղեցիկի առջև խոնարհումը, գիտեք, եղել ու կա ասպետական զգացողությունների բան: ՈՒ դա ոչ թե երեկվանից, այլ, ինչպես հավաստել է ոմն ի հնումն, վաղնջական ժամանակներից:

«Բարսելոնը» նորից հաղթեց:
-Սրա մեջ ո՞րն է նորությունը,- կարող է հարցնել ու իրավունք ունի հարցնելու ընթերցողը, -նոր բան ասա:
Որքան էլ նման կարգի հարց-դիմադարձումներին սովոր մարդ, նեղը չես կարող չընկնել ու չմտածել` իսկ առհասարակ իմաստ ունի՞ հիշատակելու, որ Մեսին խաղում երկու գոլ է խփել: Չէ՞ որ դարձյալ կարող են ըմբոստանալ` նոր բան ասա: ՈՒ քանի որ նմանօրինակ միտումի պայմաններում կատարելապես բովանդակազուրկ է դառնում օրացուցային տարում այդ գոլերի յոթանասունյոթերորդն ու յոթանասունութերորդը լինելու հիշատակումը նաև, ավելի խելոք կլինի ասել` «Բարսելոնը» 3:1 հաշվով հաղթել է «Սարագոսային», ու այս լակոնիկությամբ էլ սեփական անցավ գլուխը պրծացնել տեղեկացված ընթերցողից:
«Ռեա՞լը»: «Ռեալն» ի՞նչ: Թիկունքին թագավոր ունեցողն ի՞նչ պրոբլեմ պիտի ունենա. վերցրեց ու 5:1 հաշվով սղկեց Բիլբաոյի «Աթլետիկին»` ձեռքի հետ անուղղակիորեն հասկացնելով, որ քաղաքական դաշտում բասկերի անկախական քայլերից առանձնապես տպավորված չէ, թեպետ կատալոնցիներից էլ ոգևորված չէ:
Բա ի՞նչ էիք կարծում` ֆուտբոլը հենց էնպես, վարտիք-շապիկ հագած քսաներկու մարդու խա՞ղ է սոսկ:
Ապրեիք մեր ժամանակներում ¥խոսքիս հասցեատերը ջահելներն են), կիմանայիք, թե ինչ կարգի հաճույք էինք ապրում, երբ «Արարատը» Մոսկվայում մայրաքաղաքային թիմերի ջարդն էր տալիս, երբ Բաքվում «Նևթչի» էինք կզացնում, Թբիլիսիում տեղի «Դինամոյի» մերն էինք եղբայրաբար լացացնում, երբ դեռ «Արարատը» «Արարատ-73» չէր:
Է՜, ինչե՜ր ենք տեսել:
Թե չէ, ուղտի ականջում քնած, ձեններդ տաք տեղից է գալիս, ֆուտբոլը միայն որպես ֆուտբոլ եք դիտում, երևույթի ընկալման խորքը չեք տեսնում, աղի համը չեք առնում: Լավ, հարսից դժգոհ սկեսրայրի պես շատ փնթփնթացի: Դառնանք ավելի ինֆորմատիկ լեզվին: Սակայն մինչ այդ ասենք, որ Մադրիդի «Աթլետիկոն» իր հերթականում հաղթել է «Գրանադային» ¥թող որ նվազագույն հաշվով) ու մտադիր չէ երկրորդ տեղը զիջել «Ռեալին»` առաջնությանը դրանով իսկ շարունակելով հաղորդել հավելյալ հետաքրքրություն:
Իսպանականի կողքին շատ ավելի մեծ հետաքրքրությամբ դիտվեցին Անգլիայի առաջնության խաղերը: Պարտվեցին թե՛ «Մանչեստր Յունայթեդը», թե՛ «Չելսին»: Համապատասխանաբար` «Նորվիչ Սիթիին» ու «Վեսթ Բրոմվիչին»: Առաջինը` 0:1, երկրորդը` 1:2 հաշվով: Այստեղ առիթից լավ օգտվեց Չեմպիոնների լիգայում անելիքը վաղօրոք ավարտած (վատ առումով) «Մանչեստր Սիթին», որը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Աստոն Վիլլայի» դարպասն ու երկրի ներքին առաջնությունում դուրս եկավ առաջին հորիզոնական: Այլևս չունենալով ուրիշ ճար` Մանչինիի թիմը սեփական ամբիցիաների գոհացման միակ դաշտ ունի երկրի ներքին առաջնությունը, իսկ սա խոստանում է եվրոպական ֆուտբոլի թերևս ամենահետաքրքիր առաջնության ավելի ինտրիգային զարգացումներ:
Գերմանիայի առաջնությունում «Նյուրնբերգի» համեստ դիրքը մրցաշարային աղյուսակում թե ինչու այդպես «ոգեշնչեց» «Բավարիային», որ կիսով չափ թարմացած կազմ դուրս բերեց մարզադաշտ, դժվար է պատասխանելը, բայց որ թեթևամտության պատճառով ստիպված եղավ հատուցել միավորի կորստով (1:1), փաստ է: Ոչ-ոքին, ճիշտ է, մրցաշարային աղյուսակում չսասանեց առաջատար մյունխենցիների դիրքերը, բայց թե պոկվածությունը կրճատելու որոշակի հնարավորություն տվեց մասնավորապես Դորտմունդի «Բորուսիային» (3:1 հաշվով հաղթել է «Գրոյտեր Ֆյուրտին»), որը Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ ունեցած հաջողված երկու դիմակայությունից հետո ակնհայտորեն բարձր տրամադրության մեջ է ու մանրից շտկում է դիրքերը: Զուգահեռաբար արձանագրենք նաև, որ ընթացքի որոշակի դանդաղում նկատվեց «Շալկե-04»-ի պարագայում. հյուրընկալվելիս 0։2 հաշվով զիջեց «Բայերին» ու աղյուսակում երկրորդ տեղում գտնվելն արդեն այնքան էլ համոզիչ չի ներկայանում:
Գնանք Իտալիայի կողմերը: ՈՒնենալով ահռելի առավելություն` Թուրինի «Յուվենտուսը» չկարողացավ կոտրել «Լացիոյի» դիմադրությունն ու բավարարվեց անգոլ ոչ-ոքիով: Առաջատարին ավելի մոտենալու հնարավորությունը ձեռքից բաց թողեց «Նապոլին»` սեփական հարկի տակ 2:2 խաղալով «Միլանի» հետ: Ի դեպ, նույնը եղավ և նախորդ տուրում «Յուվեի» նկատմամբ առավելության հասած ու նրա զարմանալի անպարտ խաղերի շարանը հատած «Ինտերի» պարագայում, որը, «Կալյարիին» հաղթելու դեպքում, թուրինցիներից արդեն հետ կմնար երկու միավորով: Սակայն առավելագույնը, որ կարողացան անել միլանցիները, ոչ-ոքին էր 2:2 հաշվով:
Ֆրանսիայի առաջնությունում «Ռենը» բացառիկ անկոտրում կամք դրսևորեց ՊՍԺ-ի հետ հանդիպումում ու «Պարկ դե Պրենսում» խաղը շահեց 2:1 հաշվով` արդեն առաջին խաղակեսի միջնամասից մնալով տասը, իսկ երկրորդի սկզբից` ինը խաղացողով: Նշենք, որ մայրաքաղաքային թիմն օպտիմալ կազմով չէր դաշտ դուրս եկել, չկար և որակազրկված լինելու պատճառով հանդիպումը բաց թողած Զլատան Իբրահիմովիչը, ում չորրորդ գոլն անգլիացիների դարպասը ոնց որ թե հավակնում է դառնալու ֆուտբոլի պատմության մեջ լավագույնը: Ստեղծված իրավիճակից առավելագույնը կարող էր կորզել «Մարսելը»` պայմանով, եթե արտագնա խաղում կոտրեր «Բորդոյի» դիմադրությունը: Եղավ հակառակը` պարտություն 0։1 հաշվով: Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական դուրս գալը հետաձգվեց: Հիշեցնենք, որ մարսելցիները մեկ պակաս խաղ են անցկացրել:
Եվրոպական գրանդ առաջնությունների շարքից չէ ուկրաինականը, բայց թե անդրադառնանք և նրան, մանավանդ որ այստեղ հայերս մեր որոշակի հետաքրքրություններն ունենք` ի դեմս այստեղ հանդես եկող մեր Հենրիխ Մխիթարյանի ու մյուս ֆուտբոլիստների: Ձայն ձայնի տված դուստր ակումբներից պարտվեցին թե՛ Դոնեցկի «Շախտյորը», թե՛ Կիևի «Դինամոն»: Առաջինին հաղթեց Կիևի «Արսենալը» (2:0), երկրորդին` Դոնեցկի «Մետալուրգը» (1:0): Չնայած պարտությանը` «Շախտյորն» ակնհայտ գերազանցությամբ է գլխավորում մրցաշարային աղյուսակը` տասնվեց խաղից ունենալով քառասունհինգ միավոր: Հաղթելով «Տավրիային» (1:2)` «Դնեպրը» երեսունչորս միավորով դուրս եկավ երկրորդ հորիզոնական:
Հավասարակշռությունը պահպանելու համար հիշատակենք և Ռուսաստանի առաջնությունը, որտեղ Մոսկվայի ԲԿՄԱ-ն «Ամկարին» 3:0 հաշվով հաղթելուց հետո արդեն հինգ միավորով առաջ է պոկվել երկրորդ տեղում գտնվող «Անժիից», որը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ռոստովի» հետ: Երրորդը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է: Հերթական խաղում պիտերցիները նվազագույն հաշվով զիջել են Մոսկվայի «Դինամոյին»: Սակայն այս խաղի առնչությամբ երևի ոչ այնքան հիշատակման արժանի է բուն հանդիպման արդյունքը, որքան երկրպագուներ հորջորջվածների խուլիգանական պահվածքը: Դաշտ նետված ճայթուկից վնասվել է «Դինամոյի» դարպասապահը, կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով: Մոսկովյան դեպքը հատուկ անդրադարձի նյութ է, նաև միջազգային անդրադարձի առումով շատ ջուր քաշող խմոր, ուստի եկեք բավարարվենք այսքանով, սպասենք դեպքերի զարգացումներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ